Այս անգամ հայտնի անեկդոտների շարքի նման հայը, ռուսը, վրացին հանդիպեցին ոչ թե հրեշին, այլ ադրբեջանցուն, ուկրաինացուն, ամերիկացուն եւ օսին: Ստեղծված շիլաշփոթն էլ անվանեցին կովկասյան կոմեդիա: Իհարկե, խոսքը գնում է "Դուռը բաց” ֆիլմի մասին, որը դեկտեմբերի 17-ից հանձնվեց հանդիսատեսի դատին: Թե ինչու ֆիլմում աշխատատեղ բացեցինք ադրբեջանցի տատիկի եւ երկու երեխաների համար ու մի բան էլ ազգությամբ հայը ներկայացավ ադրբեջանցու դերում` ադրբեջաներեն երգելով Սայաթ-Նովա, այդպես էլ չհասկացանք կամ չուզեցինք հասկանալ: Բայց Ադրբեջանին եւս մեկ անգամ հաչեցրեցինք մեզ վրա: Ինչ վերաբերում է կատակերգությանը այստեղ էլ հիասթափությունը մեծ էր, որը համալրեց ”Դժբախտ երջանկություն” հայտնի տարբերակի շարքը եւ խեղճ հանդիսատեսը ցավոք, չհասկացավ, որտեղ պետք էր ծիծաղել, որ տպավորություն թողնի, թե հասկացել է ֆիլմի հումորը: Ամեն դեպքում ֆիլմում մի երկու անիմաստ արտահայտություն անպայման կմտնի շատերիս բառապաշարի մեջ, ինչպես` "ապուշն էլ հո արագիլի թեւերով չի լինում” կամ "ինչա խոսում…” : Թեեւ ֆիլմի վերնագիրը միտված էր ասելու, որ, եթե Աստված մի դուռ փակում է, մյուսը բացում է, բայց դժվար է համաձայնել, որ ֆիլմում նկարահանված դերասաններ Հովհաննես Ազոյանի (Հովո) եւ Արսեն Գրիգորյանի համար այս ֆիլմը հերթական բացվող դուռն էր:
Շատերը կհամաձայնեն, որ ֆիլմում Արսեն Գրիգորյանի եւ Հովոյի խուճուճներն ու Հովոյի մերկ հետույքը բավարար չէին ֆիլմը կատակերգություն անվանելու համար: Ի դեպ, ֆիլմում մերկ նկարահանվելուն անմիջապես համաձայնել է Հովոն: Մնում է հուսալ, որ հերթական պոռնոաստղով չի համալրվի հայտնիների շարքը: Թե ինչու էր հումորը զիջում ֆիլմում, մեզ տված հարցազրույցի ժամանակ ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆԸ նշեց. ”Ես ժամանցային հումոր չեմ արել, ինչքան կա բավարար է: Սա պատմություն է: Այն ժանրով կատակերգություն է, չի կարելի ասել, թե մելոդրամա է: Չեմ արել այս ֆիլմը, որ շատ ծիծաղեն, ընդհանրապես այդպիսի մտադրություն չկար: Իհարկե, կարող էի Հովիկին այնպիսի ծիծաղելի վիճակների մեջ դնել, որ ֆիլմի ողջ ընթացքում հանդիսատեսը ծիծաղեր, բայց այդպիսի նպատակ չեմ ունեցել: Եթե ուզում են տեսնեն Հովիկին ու ծիծաղեն, թող իր մասնակցությամբ հեռուստածրագրերը դիտեն”: Հետաքրքիր է, եթե սա մի պատմություն էր, ինչո±ւ չանվանել կովկասյան պատմություն ու մեզ եւ հանդիսատեսին էլ թյուրիմացության մեջ չդնեն: Ինչեւէ, անդրադառնալով ֆիլմում կովկասյան ազգերի մասնակցությանը, հետաքրքրվեցինք, թե ռեժիսորը վրացիների չկամությունն էր ուզում ցուցադրել, ֆիլմում զրահամեքենայի փոխարեն պաստառ օգտագործելով, վերջինս կարելի է ասել կիսով չափ համաձայնեց. "Զրահամեքենան չտվեցին, բանակցությունները չստացվեցին դեսպանատան հետ: Վերջին օրերն էր մնում, արդեն գնում էինք նկարահանելու, բայց զրահամեքենան չկար: Մտածում էինք ինչ անեինք, որովհետեւ ի սկզբանե որոշել էինք պատերազմական դրվագ նկարահանել: Հետո երեկոյան ասացի` եկեք նկարիչին ասենք, զրահամեքենա նկարի ու թող անցնի զրահամեքենայի փոխարեն պաստառը, տակն էլ գրենք չտվեցին: Սկզբում մեկին դուր եկավ, մյուսին` ոչ, հետո բոլորն էլ ասացին, որ հետաքրքիր է”: Ֆիլմում նկարահանված ադրբեջանցիների հետ կապված Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացել, իսկ չկա±ր մտավախություն, որ Հայաստանում էլ չի ընդունվի ադրբեջանցու կերպարը տեսնել հայական սեղանի շուրջ: Այս հարցին Ա. Ավագյանը պատասխանեց. ”Ամբողջ կյանքս իմ գործում փորձել եմ անել մի բան, որ ոչ մեկին չնմանվեմ: Փորձել եմ մի քիչ ռիսկով անել, եւ ես ոչ մի բանի համար չեմ զղջում: Արել եմ այն, ինչ մտածել եմ: Մտածում եմ, որ խնդիր պետք է չլինի մեր եւ ադրբեջանցիների միջեւ”: Այսինքն` կողմ եք հայ-ադրբեջանական եղբայրությա ±նը. "Մենք պետք է հասկանանաք, ավելի շուտ իրենք պետք է հասկանան, որովհետեւ իրենք ավելի շատ են թունավորված, քան մենք, որ ստիպված ենք իրար հետ ապրելու, բարեկամություն անելու: Անկախ նրանից իրենք սիրում են թե ոչ, բայց ստիպված են: Ես ցույց եմ տալիս մի իրավիճակ, թե ինչպես կարող է լինել, որ հայը եւ ադրբեջանցին միասին ապրեն: Դա իրական վիճակ է, որը կարող է լինի եւ եղել է այդպիսի բան: Դա նորմալ է”:
Փաստորեն, ստացվում է, որ նորմալ է, երբ մեզ ”տապոռում են”, իսկ մենք եղբայրության ձեռք ենք մեկնում ադրբեջանցուն ու դեռ մի բան էլ սկուտեղի վրա հայկական ֆիլմում ադրբեջանցիներին ենք մատուցում մեր մեծ Սայաթ-Նովային: Ի դժբախտություն մեզ, ադրբեջանցիները, եթե մի քիչ խելացի լինեին բոյկոտելու փոխարեն, դեռ մի բան էլ շնորհակալություն կհայտնեն հայկական կինեմատոգրաֆիային մատուցած ծառայության համար:
Կեցցես Հրանտ ջան, մեզանում եղած արատավոր երևույթների թիվը կրճատելու համար (քանզի իսպառ վերացնելը անհնար է) անհրաժեշտ Է ժամանակին սուր և մերժողական վերաբերմունք ցույց տալ: